Կաննի կինոշուկայի թիվ 20.03 հայկական տաղավարում այսօր` մայիսի 17-ին Հայաստանի կինոպատմության մեջ առաջին անգամ կնքվել է Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» խաղարկային ֆիլմի համաշխարհային դիստրիբուցիոն պայմանագիրը (հինգ տարի ժամկետով)`ֆրանսիական «Ինսոմնիա վորլդսեյլզ» ընկերության հետ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր հայկական տաղավարում միաժամանակ տեղի են ունեցել մի քանի միջոցառումներ. պայմանագրի պաշտոնական ստորագրմանը հետեւել է Նիկա Շեկի «Երկու երկրներից իբրեւ հիշատակ» լիամետրաժ ֆիլմի աշխատանքային տարբերակի ցուցադրությունը, որին հաջորդել է գործնական կոկտեյլը:
Հայկական տաղավարն այսօր մարդաշատ էր ու գործնական, ինչն, ըստ, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ.Գեւորգյանի, ուրվագծում է հայկական կինոյի նորագույն փուլի տեսլականը:





























