Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը մասնակցել է օրեր առաջ թուրքական զինված ուժերի գործողությունների հետեւանքով սպանված 12 քուրդ զինյալներից մեկի թաղմանը` Աստծուց խնդրելով Էրդողանի համար մեծ պատիժներ: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` քուրդ գործիչ Սելահաթին Դեմիթաշը Բինգյոլ նահանգի Քարլըօվայի շրջանում մասնակցել է սպանված քուրդ զինյալ Աբդուլքադիր Այի թաղմանը: Դեմիրթաշը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Նրանք նախընտրական հետեւյալ հաշվարկն են անում. «Ինչքան շատ PKK-ի անդամ սպանեմ, այնքան ատ ձայն կստանամ»: Ես մերժում եմ նման քաղաքականությունը: Ով արյան գնով փորձի քվեներ ստանա, թող Աստված հազար անգամ նրա պատիժը տա»,-ասել է Սելահաթին Դեմիթաշը: Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի եւ Իրաքի սահմանին թուրքական զինված ուժերը 2 տարբեր գործողությունների ընթացքում սպանել էին 12 քուրդ զինյալների: Դրանից հետո Թուրքիայի մի շարք քրդաբնակ քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներ են եղել: Դիարբքերում եւ Շրնաքում ի նշան սպանությունների դեմ բողոքի խանութներն ու տաղավարները փակ են, իսկ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակների դիմաց սեւ դրոշներ են կախվել:

Հասանելի է
русский



























