«Երկիր» օրաթերթը գրում է. «Այս տարի դասախոսական ուժի ճիշտ վերաբաշխման, տնօրինման եւ օգտագործման խնդիր է առաջանալու գործնականում բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, քանի որ, նախորդ տարիների համեմատ, ընդունելությունը կկատարվի միայն 10-15 տոկոսով»,-«Երկիր»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը:

Երբ թերթը հետաքրքրվել է, թե այդ պարագայում սպասելի՞ է, որ կլինեն նաեւ դասախոսական կազմի կրճատումներ, Ա. Ավետիսյանը նշել է. «Ո՞նց կարող է փոխնախարարն իր կամ ինքնակառավարվող համալսարանի ղեկավարության անունից հավաստել, որ ոչ մի դասախոս չի ազատվի կամ կազատվի: Հաստատությունն ինքնուրույն է որոշում իր գործունեության ձեւաչափը եւ դրա իրականացումը: Բայց համոզված եղեք, որ իրեն հարգող եւ կրթությունը գնահատող որեւէ հաստատության ղեկավար չի կարող հենց այնպես աշխատող կորցնել: Իսկ հարկադրված կրճատումները, ես համոզված եմ, կլինեն որակական, մասնագիտական մարցութային կարգով»: