Երեւանի Արցախի փողոցում երեկ` մայիսի 17-ին տեղի ունեցած ավտովթարից  (ֆոտոռեպորտաժ) տուժած 9 ուղեւորների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հունանյանի խոսքով` երեկ գիշերը առողջապահության նախարարի հրամանով նախարարության ստորաբաժանումների ղեկավարները այցելել են հիվանդանոց են անհապաղ միջոցառումներ են իրականացրել:

Տուժածներից երկուսը գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է: Նրանցից մեկը հղի կին է, որի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածներից երկուսին վիրահատել են, որոնց վիճակը  վիճակը նորմալ է, իսկ մյուս երկուսին տեղափոխել են այրվածքների կենտրոն:  

«Էրեբունի» բ/կ-ից հայտնեցին, որ նրանցից մեկը 7 տարեկան երեխա է: Տուժածներից մեկն էլ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն այսօր առավոտյան դուրս է գրվել:  

Նշենք, որ ավտովթարի հետեւանքով 4 մարդ զոհվել է: Զոհվածների եւ վիրավորների ինքնության մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները:  Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել է եւ հրդեհ է բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի են վերածվել: Մարդիկ մեքենաների մեջ կենդանի-կենդանի այրվել են:

Դեպքի վայր են ուղարկվել երկու մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22։35-ին։

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի