«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի շինարությունը նախատեսվում է ավարտել 2011թ, որից ավարտից հետո այն կկարողանա սպասարկել տարեկան մինչեւ 3,5 մլն ուղեւոր: Ներկա պահին շինարարությունում աշխատում են 15 ընկերությունների մոտ 600 աշխատողներ:

«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայումս ընթանում է աշխատանքների  III փուլը (օդանավակայանի հանրային գոտու նոր տերմինալի շինարարություն), որը սկսվել է 2008թ եւ կավարտվի այս տարվա հոկտեմբերին: Երրորդ փուլում կատարվել է 160 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:

Օդանավակայանի հանրային գոտու նոր տերմինալի շինարարությունը կամբողջացնի նոր համալիրը: Այս նոր` 34 հազար քմ տարածք զբաղեցնող շինությունը ամբողջովին կփոխարինի Համալիր 1-ին:

Հաշվառման սրահը կունենա ընդհանուր առմամբ 46 հաշվառման սեղաններ եւ հաշվառման կրպակներ:

Նոր Համալիրի III փուլի շենքում կտեղակայվեն բարձրակարգ ուղեւորների սպասարկման եւ դիվանագիտական սրահներ:

Հանրային սրահի մուտքի առջեւ կկառուցվի նոր կայանատեղ: Նոր ավտոմոբիլային կայանատեղի ենթակառուցվածքը երկու մակարդակ ունեցող շինություն է, որի ողջ տարողունակությունը սահմանված է 600 ավտոմեքենաների համար: Նոր Համալիրի հետ կայանատեղը ուղղակի կերպով կմիանա յուրաքանչյուր շահագործման մակարդակի հետ: Կայանատեղի շենքի ողջ տարածքը կազմում է 20 հազար քմ:

Կառուցվածքը իր թափանցիկության շնորհիվ լրիվ նորամուծություն է: Մյուս կողմից նորամուծություն է նաեւ ենթասալերի կիրառումը: Կիրառվել է ամրացված ենթասալերի անցքերով համակարգը, որի ներսում պոլիէթիլենային գնդեր են: Այս համակարգը թույլ է տալիս 30 տոկոսով կրճատել ենթասալերի քաշը, ինչը կարեւոր է սեյսմակայունության տեսանկյունից:

Տանիքի 40 տոկոսը ապակեպատ է: Ապակե տանիքը սարքավորված կլինի ապակե շերտավարագույրային համակարգով, որը նվազեցնում է արեւի ուղիղ ճառագայթումը հարավից, սակայն թույլ է տալիս, որ արեւի լույսը ներթափանցի շենք: