Վերջին մոտ 10 տարում Հայաստանն ու Բելառուսը 15 անգամ ավելացրել են առեւտրաշրջանառությունը: Այս մասին այսօր` Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Լուկաշենքոյի, այս տարի ապրանքաշրջանառության ծավալում կա մի փոքր անկում, բայց այն հնարավոր է հաղթահարել մոտակա ժամանակաշրջանում, որովհետեւ թե՛ բելառուսական, թե՛ հայկական կողմից նկատվում է արտահանման ավելացում: Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ աճի համար ստեղծված են բոլոր համապատասխան պայմանները:

Իր հերթին Տիգրան Սարգսյանն ասել է. «Վստահ եմ` երկու երկրների միջեւ առկա քաղաքական բարձր երկխոսությունը ենթադրում է, որ նաեւ տնտեսական բաղադրիչը լիովին կիրագործվի: Մենք վարչապետի հետ արձանագրեցինք, որ կա հսկայական տնտեսական ներուժ, որը դեռեւս չի իրացվել, եւ մեր գործողությունները պետք է ուղղված լինեն այդ ներուժի լիարժեք իրացմանը»:

Այցի երկրորդ օրը` մայիսի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք: