ԵՎՐԱՆԵՍԹ-ը ստեղծվել է բարելավելու հարաբերությունները ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի հարեւանությամբ գտնվող երկրների հետ: Այս մասին այսօր` մայիսի 18-ին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը` Երեւանում Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր հերթին Հ. Աբրահամյանը նշել է, որ իշխանությունները Հայաստանը տեսնում են եվրոպական ընտանիքում, ունեն քաղաքական կամք` իրականացնել բարեփոխումներ, եւ գործընթացները դարձնել համահունչ եվրոպական չափանիշներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետք է զերծ պահել ԵՎՐԱՆԵՍԹ-ը անիմաստ մեղադրանքների հարթակ դարձնելու ջանքերից: Մինչդեռ ադրբեջանական կողմը ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում ունեցած իր ելույթով փորձեց օգտագործել այս միջազգային հարթակը եւ խեղաթյուրել իրականությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ:
Եվրախորհրդարանի նախագահը նշել է, որ Եվրախորհրդարանը պատրաստ է գալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական հանձնախումբ ուղարկել:





























