Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը` մայիսի 19-ին կքննվի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների բողոքի քննությունը:
Խոսքը վերաբերում է մարտի 3-ին Կառավարության դիմաց «Ժառանգության» պատգամավորների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին, որի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորներն ու քաղաքացիները ՀՔԾ հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին, սակայն այն մնացել էր անհետեւանք եւ քրեական գործ չէր հարուցվել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգություն» խմբակցությունից, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին այսօր ներկայացրել է Հաղորդում հանցագործության մասին, որը վերաբերում է մարտի 4-ին ՀՔԾ քննիչ Կ. Թորոսյանի այն որոշմանը, որում մասնավորապես նշված է, որ Զարուհի Փոստանջյանը մարտի 3-ին Հանրապետության հրապարակում դրսեւորելով անհարգալից վերաբերմունք ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իբրեւ թե քաշել եւ պոկել է ոստիկանության լեյտենանտ Արտյոմ Հակոբյանի ուսադիրները: Եվ պատգամավորը պահանջում է անհապաղ քրեական գործ հարուցել նշյալ սուտ մատնության փաստի առթիվ:
Հատկանշական է, որ ՀՔԾ քննիչ Կ. Թորոսյանի որոշումը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ վերոնշյալ դատական նիստի նախապատրաստական փուլում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը դիմել էր գործի վերաբերյալ նյութերի պատճեններին ծանոթանալու պահանջով: Եվ քննիչի նշյալ որոշումը նույնպես եղել է այդ նյութերում:





























