Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ եւ աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Դիեգո Մարադոնան, օրերս Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային սպառնացել է լքել իր պաշտոնը, եթե նրան թույլ չտան աշխատել իր պայմաններով։ Սակայն հատկապես ի՞նչ պայմաններով՝ չի մանրամասնել։

Դոն Դիեգոն դժգոհ է ազգային հավաքականի տեխնիկական տնօրեն Կարլոս Բիլարդոյի աշխատանքից, ով օրերս հանձնարարականով պետք է մեկներ Անգլիա, բայց չի արել դա։ Մարադոնան ցանկանում էր, որ «Մանչեսթեր Սիթիի» արգենտինական երկու լեգեոներներ Կարլոս Տեվեսը եւ Պաբլո Սաբալետան չմասնակցեին հոկտեմբերի 5-ին կայանալիք «Ասթոն Վիլլայի» հետ խաղում։ Բիլարդոն կանչվել էր, որպեսզի մարզչական կազմին համոզեր հանգիստ տրամադրել խաղացողներին։ Այդուհանդերձ երկու ֆուտբոլիստներն էլ դաշտ են դուրս եկել հիմանական կազմում։

Հիշեցնենք, որ, ինքը՝ Մարադոնան աշխարհի առաջնությունում 1986թ.-ին աշխարհի չեմպիոն դարձավ հենց Բիլարդոյի ղեկավարության ներքո…