ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզել է, որ արտգործնախարարությունը խախտել է կառավարության որոշումը եւ երկու ավտոմեքենա գնել՝ վճարելով սահմանված առավելագույն գնից շատ։

«ՉԻ»-ն այս առթիվ գրում է. «Լավ, դե հիմա կառավարության որոշումը խախտել է՝ խախտել է, «խի տենց փողեր ե՞ն ուտում», կասի ՀՀ շարքային քաղաքացին։ Խնդիրը, սակայն, դա չէ, այլ կառավարության արձագանքը։ Կառավարությունը պարզապես «առաջարկել է այսուհետ պետական բյուջեի միջոցները ծախսել խիստ խնայողաբար»։ Մի խոսքով՝ ասել են «էլ տենց բան չանեք»։ Եվ վերջ։ Այնպիսի տպավորություն է, կարծես խոսքը ոչ թե պետական փողերը վատնելու, այլ, ասենք, արգելված վայրում ծխելու կամ փողոցը սխալ տեղով անցնելու մասին է։

Հետաքրքիր է՝ եթե որեւէ շարքային քաղաքացի պետությունից մի քանի միլիոն դրամ հարկ թաքցնի, նրան նո՞ւյնպես խորհուրդ կտան «էլ տենց բան չանել»։ Իսկ պետբյուջեի միջոցները, հիշեցնենք, հենց այդ հարկերից են գոյանում»։