Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը կստիպի ագրեսորին հրաժարվել իր մտադրություններից, քանի որ Հայաստանը ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երեւանում ընթացող «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում:
Ըստ նախարարի, իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօրվա դրությամբ անկայուն է, պոտենցիալ պայթյունավտանգ եւ հղի է անկայունացմամբ:
Սեյրան Օհանյանը խորհրդաժողովի մասնակիցների ուշադրությունը բեւեռել է այն փաստի վրա, որ Ադրբեջանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխի այլ ատյաններ. «Ադրբեջանն իր հակահայկական հռետորաբանության մեջ ներքաշում է նաեւ այլ երկրների, առաջին հերթին Թուրքիային, կյանքի կոչելով մեր երկիրը տրանսպորտային, էներգետիկ եւ տնտեսական շրջափակման ենթարկելու քաղաքականությունը»:
«1994թ. մենք ինքնուրույն լուծել ենք խնդիրը: Այսօր, հաշվի առնելով ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը, մենք իրավունք ունենք ակնկալելու մեր դաշնակիցների համապատասխան աջակցությունը, որոնք որոշակի պարտավորություններ ունեն միմյանց նկատմամբ»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը:





























