Հայաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության օգտին, բայց ոչ միշտ են տարածաշրջանային հարեւանները պատասխանում նույն մոտեցմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Երեւանում ընթացող «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում:

Նրա խոսքով, Ադրբեջանի եւ Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները առկա խնդիրների լուծման գործում հույս եւ վստահություն չեն հաղորդում, որ տարածաշրջանն առաջիկայում կարող է զարգանալ խաղաղության եւ համաձայնության ոգով:

Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի գերակայություններից է խաղաղության համաձայնության հաստատումը, բայց դրան խանգարում է տարածաշրջանային հարեւանների պահվածքը: Այդ կապակցությամբ, Արթուր Բաղդասարյանն ընդգծել է փոխընդունելի զիջումներ գտնելու անհրաժեշտությունը: