Հայաստանի չորրորդ նախագահի հավանական թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանը չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 19-ին հայտարարեց հենց ինքը` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ԱԺ նույնանուն խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ չորրորդ նախագահի գույնը տարբեր է լինելու նախկին երեք նախագահներից եւ «նա լինելու է բոլորովին այլ տիրույթից»:
Հովհաննիսյանը, սակայն չնշեց, թե ինչ գույն է ունենալու ՀՀ հաջորդ նախագահը, հայտարարելով, թե այդ գույնը պետք է որոշի ներկա սերունդը:
«Հարյուրավոր կին ու տղամարդ կա, ովքեր կարող են դառնալ նախագահ»,-նշեց պատգամավորը: Րաֆֆի Հովհաննիսյանը թեեւ նախ ասաց, որ Հայաստանի չորրորդ նախագահի հավակնորդն ինքը չէ, սակայն չբացառեց, որ գալիք նախագահական ընտրություններում գուցե առաջադրի իր թեկնածությունը:
Նրա խոսքով`Հայաստանի բոլոր երեք նախագահներն իրենց ներդրումն ունեցել են երկրի շինարարության հարցում, ինչպես նաեւ պատասխանատվություն են կրում «այսօրվա անիրավ, անսահմանադրական եւ հակաժողովրդավար վիճակի» համար: «Այդ նույն պետական պաշտոնյաները պետք է պետության ու նոր սերնդի համար այլընտրանքներ պատրաստեն եւ ոչ միայն մեկ հատ: Թող ոչ մի նախագահ չհայտարարի, թե ես այլընտրանք չունեմ»,-նշեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` երբ որեւէ պաշտոնյա ասում է, թե ինքն այլընտրանք չունի, նշանակում է` պետության կերտման գործը տապալվել է: «Ժառանգության» հիմնադրի խոսքով, կուսակցությունն եւ ինքն անձամբ մասնակցելու են նոր այլընտրանքի ձեւավորման եւ մատուցման գործին:





























