Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ այլ ներկայացուցիչների ռազմատենչ հռետորաբանությունը ԵԱՀԿ սկզբունքներից մեկի ակնհայտ խախտում է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` Երեւանում ընթացող «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում:
Վլադիմիր Կազիմիրովը նաեւ նկատել է, որ ԵԱՀԿ-ն սպառնալիքների հանդեպ ամոթխածություն է դրսեւորում: Բոլորին է հայտնի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության սկզբունքը: Հելսինկյան ամփոփիչ ակտը միանշանակ է խոսում սպառնալիքների անթույլատրելիության մասին»,- ընդգծել է դեսպանը` նկատելով, որ միջնորդներն էլ չպետք է համակերպվեն կողմերի քմահաճույքներին: Կազիմիրովը հիշեցրել է նաեւ չորրորդ սկզբունքի` վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի մասին:
Խոսելով շփման գծում միջադեպերի մասին` դեսպանը նկատել է, որ Բաքվի մարտավարությունը կայանում է նրանում, որ հանգիստ չտան հայկական կողմին: Ադրբեջանին լարվածություն է պետք, ինչի համար նա իր պատճառներն ունի, Ադրբեջանը ժամանակին հրաժարվել էր զորքերը ետ քաշել շփման գծից, ավելին, Իլհամ Ալիեւի ժամանակ ավելի մոտեցրին դիրքերը: Կազիմիրովը նկատել է, որ Բաքվում հասկանում են պատերազմի սպառնալիքը եւ հաճախ սրում են լարվածությունը արհեստականորեն:





























