2011 թվականը դառնալու է ՀԱՊԿ համախմբման եւ արդեն ընդունված որոշումների գործնական իրականացման տարի: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը. Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում:

Նրա խոսքով, կազմակերպության շրջանակներում հիմնականում ավարտվել է նորմատիվ բազայի ձեւավորումը, ինչը թույլ կտա ՀԱՊԿ-ին գործել խնդիրների ողջ սպեկտրով: «Այժմ մեզ նոր նորմատիվ փաստաթղթեր չեն պահանջվում, 2011-ը դառնալու է արդեն ընդունված որոշումների գործնական իրագործման տարի»,- նկատել է Բորդյուժան` հավելելով, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ճգնաժամային արձագանքման, արագ արձագանքման համատեղ ուժերի եւ խաղաղարար ուժերի կիրառման մեխանիզմների մշակմանը: