Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե խորը անվստահություն է, այլ անդունդ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը` «ՀԱՊԿ եւ Հարավային Կովկաս. Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում:

Նրա խոսքով, նման բան չկա անգամ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ` չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանն ու սահմանների փակ լինելուն: Փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմի համար փոխվստահության զարգացման պայմանների ստեղծման հարցն առաջնակարգ նշանակություն ունի` հաշվի առնելով, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները պետք է ապրեն այս տարածաշրջանում, եւ բաժանարար գծերի առկայությունն անթույլատրելի է:

«Առկա ատելությունը բխում է Ադրբեջանի ղեկավարությունից»,- ընդգծել է Արման Կիրակոսյանը` հիշեցնելով, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է համագործակցության պատրաստակամության մասին, քանի որ համագործակցությունը տարբեր ոլորտներում կարող է նպաստել քաղաքական լուծմանը: Կիրակոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դե-ֆակտո լուծված է: