ԵԱՀԿ անդամ-պետությունները պետք է զերծ մնան ատելության հռետորաբանությունից եւ ռազմատենչ հայտարարություններից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը` «ՀԱՊԿ եւ Հարավային Կովկաս. Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում:
Նրա խոսքով, հակամարտության վերջնական եւ ամուր կարգավորման համար շահագրգիռ կողմերից կարող են ցավոտ փոխզիջումներ պահանջվել. «Հակամարտող կողմերի առաջնորդների կարեւոր խնդիրներից է բնակչությանը նման որոշումների նախապատրաստելը: ԵԱՀԿ-ն իր գործադիր կառույցների միջոցով պետք է արձագանքեն բոլոր դեպքերին, երբ գիտակցաբար կամ անուղղակի կերպով աջակցում են անվստահությանն ու ատելությանը»:
Ըստ Կիրակոսյանի, մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների խախտումները հակամարտության հիմնական եւ անմիջական պատճառներից է: Այդ իրավունքների հարգումը պետք է լինի հակամարտությունների կարգավորման գերակայություններից:




























