Քրեական հետախուզության վարչության նոր պետի պաշտոնավարման ընթացքում ընդամենը 4 փոփոխություն է եղել, որից երկուսը` առաջխաղացում: Այդ մասին այսօր` մայիսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է նշանակվել Աշոտ Կարապետյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնը: Մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Ա. Կարապետյանի նշանակումից հետո քննիչներից 9-ը աշխատանքից ազատվելու դիմում են գրել, քանի որ նոր ղեկավարը պահանջում է աշխատել մինչեւ ժամը 23:00-ն:

«Ինչ վերաբերում է նրան, որ նա աշխատանքի հատուկ ոճ ունի` ոստիկանությունում դրանից դժգոհելու իրավունքը ոչ ոք չունի: Ցանկացած օպերատիվ իրավիճակի լարման դեպքում մենք կարող ենք նույնիսկ գիշերն էլ տուն չգնալ մի քանի օր: Դա օրենքով էլ նախատեսված է, լրավճարի կարգով վճարվում է»,- հայտարարեց Ա. Սարգսյանը: 

Նրա խոսքով` այդ վարչության հեղինակությունը շատ բարձր է, ինքն էլ որպես ոստիկանապետ` գոհ է նրա աշխատանքից, քանի որ բավականին ակտիվացում կա հանցագործությունների բացահայտման առումով: