ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր` մայիսի 20-ին մեկնարկել է «ԼՂՀ կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը» թեմայով միջազգային գիտաժողովը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել գիտաժողովի մասնակիցներին, որում, մասնավորապես, ասվում է.

«Ողջունում եմ բոլորիդ Արցախյան հողում եւ շնորհավորում «ԼՂՀ կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը» խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ:

Ներկայացուցչական նման միջոցառումների անցկացումը մեր հանրապետությունում դարձել է ավանդույթ, ինչը ողջունելի է եւ վկայում է Արցախի նկատմամբ տարբեր երկրների ու բարձր հեղինակություն ունեցող գիտավերլուծական կենտրոնների չմարող հետաքրքրության մասին:  

Այն, որ գիտաժողովը կազմակերպվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման ու համակարգման պետական հանձնաժողովի եւ Արցախի մայր բուհի կողմից, ցույց է տալիս նաեւ մեր երկրի իշխանությունների եւ գիտակրթական հատվածի շահագրգռվածությունը ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող հայաստանյան ու արտասահմանյան համապատասխան կառույցների հետ կայուն կապեր հաստատելու գործում:

Ձեր կողմից քննարկվելիք թեմաներն ունեն եւ գիտական, եւ քաղաքական կարեւորություն` իրենց մեջ ներառելով արցախյան պետականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային եւ գլոբալ հարթություններում տեղի ունեցող գործընթացներին առնչվող տարբեր խնդիրներ: Հարցերի դիտարկումը այս տեսանկյունից հնարավորություն կտա ավելի խոր պատկերացում կազմել իրավիճակի մասին եւ ավելի ճշգրիտ կանխատեսել հնարավոր զարգացումները:     

Վստահ եմ, որ գիտաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները, էլ ավելի կամրապնդի եւ կընդլայնի քաղաքական ու վերլուծական շրջանակների միջեւ փոխգործակցությունը:

Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք եւ ամենայն բարիք»: