Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մայիսի 23-ին կսկսի մասնակից երկրներից հիմնադրամի ղեկավարի թեկնածության առաջարկություններ ընդունել:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը,  նախատեսվում է հիմնադրամի ղեկավարին ընտրել մինչեւ հունիսի 30 -ը:

ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը հրաժարական էր տվել մայիսի 19-ին` Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու բռնաբարության մեղադրանքով  ձերբակալությունից հետո:  Ներկայումս նա բանտից դուրս է եկել 1  մլն դոլար գրավի դիմաց: Նրա գործով հաջորդ դատալսումը տեղի կունենա հունիսի 6 –ին:

Նշենք, որ մայիսի 19-ին Մինսկում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ  որոշվել էր  այդ պաշտոնում որպես ԱՊՀ միասնական թեկնածու  առաջադրել ղազախական Կենտրոնական բանկի ղեկավար Գրիգորի Մարչենկոյին:

Եվրահանձնաժողովը եւս մտադիր է իր թեկնածուին առաջադրել:

Ըստ ձեւավորված պրակտիկայի` Համաշխարհային բանկի ղեկավարը միշտ ամերիկացի է լինում, իսկ ԱՄՀ ղեկավարը` եվրոպացի: