Վրաստանի արմատական ընդդիմադիր «Վրացական կուսակցությունը» մայիսի 25-ը հայտարարել է «իշխանությունների քաղաքականության դեմ ցասման եւ վճռական օր` նրանց հրաժարականի պահանջով»:

Կուսակցության համանախագահ Սոզար Սուբարին եւ Էրոսի Կիցմարիշվիլին հայտարարել են, որ մայիսի 25-ին «Վրացական կուսակցությունը» նախատեսում է Թբիլիսիում «զանգվածային խաղաղ ակցիա անցկացնել Հավլաբարի հրապարակում» (երկրի նախագահի նոր նստավայրից 300 մետր հեռավորության վրա):

Երկրի պաշտպանության նախկին նախարար, ներկայումս «Վրացական կուսակցության» առաջնորդներից Իրակլի Օկրուաշվիլին, ով ապրում է Ֆրանսիայում, հայտարարել է, որ մայիսի 25-ին ինքն արդեն Վրաստանում կլինի, որպեսզի «վերջ դնի» Սահակաշվիլիի իշխանությանը:

«Վրաստանի համաժողովրդական ժողով» ընդդիմադիր հասարակական ֆորումը ղեկավարներից Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ բողոքի խաղաղ ակցիաները «կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ Սահակաշվիլին չհեռանա»:

«Մեր նպատակն է հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների»,- հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է Բուրջանաձեն:

Խորհրդարնի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մտադիր է դիմել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանատներին` կոչ անելով «իրենց ներկայացուցիչներին ուղարկել հետեւելու բողոքի ակցիային»: