Դատելով ադրբեջանական կողմի հայտարարություններից եւ համաշխարհային հանրության վերլուծություններից՝ դժվար չէ ենթադրել, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 25-ին Կազանում կայանալիք հերթական հանդիպմանը Ադրբեջանն առաջ է քաշելու Աղդամն ու Ֆիզուլին հետ ստանալու հարցը։ Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը։
«Դրանից հետո կսկսվի մի գործընթաց, որի մասին բոլորս գիտենք, այն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բնորոշումը։ Դատելով ամենից, իմ տպավարությունն այն է, որ լայնամսշտաբ պատերազմից խուսափելու համար միջազգային հանրությունը կշարունակի խաղաղություն պարտադրելու ճանապարհներ փնտրել։ Սակայն փորձելով խաղաղություն պարտադրել՝ միջազգային հանրությունը չի գիտակցում, որ փորձում է համատեղել երկու անհամատեղելի՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները, ինչը կրկին բերելու է փակուղու։ Այս սկզբունքներն աշխարհի որեւէ տեղում առանց պատերազմի դեռ չեն իրագործվել»,- պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ քանի դեռ վիճելի սկզբունքները չեն հստակեցվել, կողմերը շարունակելու են կրակել։
Նշեք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հերթական եռակողմ հանդիպումը նախատեսված է հունիսի 25-ին Կազանում։




























