Ապրիլը բյուջետային մուտքերի հավաքագրման տեսանկյունից ավանդաբար ամենաեկամտաբեր ամիսն է` հատկապես ամսվա վերջում: Այսօր` մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Նրա խոսքով, այդ հանգամանքը բացատրվում է հարկային օրենսդրության որոշ առանձնահատկություններով: Նշենք, որ ապրիլի 25-ը շահութահարկի նախորդ տարվա հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է:
Հաշվի առնելով ապրիլի եկամուտների մեծ ծավալը` ֆինանսների նախարարությունը սահմանել է պետական պարտատոմսերի մարման օրացուցային օրեր` փետրվարի 17-ին եւ ապրիլի 29-ին: Ըստ Արշալույս Մարգարյանի, զարգացած երկրներում նույնպես ընդունված է տարվա ընթացքում սահմանել նման օրեր, որպեսզի ներդրողները կարողանան պլանավորել իրենց ֆինանսական հոսքերը:



























