Ստեփանակերտը կողմ է բանակցային գործընթացի ձեւաչափի վերականգնմանը, այսինքն՝ բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի վերադարձին։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ավելացնելով, որ «առանց Ղարաբաղի գիտության ոչինչ չի կարող կայանալ»։
«Դուք գիտեք, որ ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ, Ղարաբաղը բանակցային գործընթացի լիիրավ անդամ է։ Այսօր բանակցություններն ընթանում են առանց Ղարաբաղի մասնակցության, եւ դրանք չեն կարող լուրջ արդյունքներ ունենալ։ Այս ուղղությամբ մենք աշխատանքներ ենք իրականացնում եւ հուսով ենք, որ միջազգային հանրությունը կօգնի բանակցային գործընթացի վերականգնմանը, ինչի արդյունքում արդեն հնարավոր կլինի ինչ-որ արդյունք ակնկալել»,- հայտարարել է նա։
Սահակյանը նշել է, որ Ղարաբաղը որոշակի փոխզիջումների կողմնակիցն է։ «Սակայն փոխզիջումները, Ադրբեջանի եւ մեր հանարապետության ընկալումներով, տարբեր են»,- հայտարարել է Բակո Սահակյանը՝ ճշգրտելով, որ «Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը հանդես է գալիս Ղարաբաղի հասցեին ամենօրյա սպառնալիքներով»։
«Բնական է, որ նման պահվածքը չի կարող չազդել բանակցային խաղաղ գործընթացի վրա։ Նման մոտեցումը մեզ համար չի կարող ընդունելի լինել, այդ է պատճառը, որ այսպիսի պայմաններում փոխզիջումների մասին խոսել ուղղակի հնաավոր չէ»,- հայտարարել է ԼՂՀ նախագահը։
«Ի դեմս Ադրբեջանի քաղաքական ղեկավարության՝ ահաբեկչության նոր ձեւ է ի հայտ է գալիս»,- ավելացրել է Սահակյանը։
Նրա խոսքով, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ համաշխարհային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել, ինչի արդյունքում Ադրբեջանը կհարգի միջազգային նորմերը։




























