Նյու-Յորքում մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին, որը կազմակերպվել էր Հայ օգնության ֆոնդի կողմից` Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախաձեռնությամբ:  ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեծարման միջոցառման կազմակերպչական կոմիտեում ընդգրկված էին Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, երգիչներ Լայզա Մինելին, Պլաչիդո Դոմինգոն, Սելին Դիոնը, Էլթոն Ջոնը:

Երեկոյին ներկա են եղել շուրջ 600 մասնակիցներ՝ ԱՄՆ կոնգրեսականներ, ամերիկյան մշակութային գործիչներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Էդվարդ Նալբանդյանը հայ մեծանուն երգչին է փոխանցել Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններ ու բարեմաղթանքները:

Նախարար Նալբանդյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հովանու ներքո՝ Հայաստանի դեսպան, Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Հայաստանի 20-ամյակին նվիրված համերգ է տալու Փարիզի Օլիմպիա համերգասրահում:

«Գուցե թե ոչ բոլոր հայերը գիտեն, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, բայց վստահ եմ, որ երկրագնդի վրա չկա որեւէ հայ, որ չիմանա՝ ով է Շառլ Ազնավուրը։ Եւ ոչ միայն հայերը. Հիշում ես՝ երբ միասին մտանք հեռավոր Սամարղանդի շուկա, հարյուրամյա մի ծերունի, որ մուտքի մոտ գետնին նստած բրնձապուր էր վաճառում,  բացականչեց. Ես քեզ ճանաչում եմ, դու Ազնավուրն ես, Շառլ Ազնավուրը, La Boheme երգի հեղինակը»- վերհիշել է Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով Ազնավուրի մեծության մասին՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Վստահ եմ, որ աշխարհի ամենատարբեր կողմերում տարբեր տարիքի, ծագման, մտածողության ու աշխարհայացքի տեր տարբեր մարդիկ են իրենց նույնացրել քո հարյուրավոր երգերի կամ ֆիլմերի հերոսներին։ Եւ նրանց բոլորին, մեզ  բոլորիս միավորում ես դու, հիացմունքն ու ակնածանքը քո արվեստի հանդեպ, քո կյանքի հանդեպ, որ ինքնին մի հրաշալի ֆիլմ է՝ պայծառ եւ ուսանելի՝ աշխատասիրության, սիրո, հումանիզմի, հայրենասիրության դասերով։

Բոլորի ցանկությունն է, որ անվերջ այդ ֆիլմը անվերջ շարունակվի»: