«Գրանշան» տառատեսակների ամենամյա միջազգային մրցույթում ներկայացվել են հայ տառաստեղծների շուրջ 112 աշխատանքներ:
Մոսկվայում ցուցահանդեսը բարձր մակարդակով անցկացնելու համար Հայաստանի ազգային գրապալատի աշխատակիցներ Էդիկ Ղաբուզյանն ու Անժելլա Պողոսովան պարգեւատրվել են Մոսկվայի դիզայներների միության հատուկ դիպլոմներով։
«Դիզայներների միություն» միջազգային ասոցիացիան նաեւ շնորհակալական նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարարությանը` «Գրանշան» ամենամյա միջազգային մրցույթ անցկացնելու ճանապարհով` շրիֆտային մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար եւ հույս հայտնել, որ «Գրանշան» մրցույթի անցկացումը կխթանի շրիֆտային մշակույթի զարգացմանը եւ նոր հարթակ կհանդիսանա տարբեր երկրների միջեւ մշակութային նախաձեռնությունների փոխանակման ասպարեզում:
Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2008 թվականից անցկացվող «Գրանշան» տառատեսակների ամենամյա միջազգային մրցույթն, արդեն, լայն ճանաչում եւ հեղինակություն է ձեռք բերել միջազգային ասպարեզում, որի հանձնաժողովի կազմում ընդգրկված են տառարվեստի բնագավառի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ` ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Չեխիայից եւ Հայաստանից։ Տարեցտարի ավելանում է մրցույթի աշխարհագրությունը թե՛ մասնակից պետությունների եւ թե՛ տառաստեղծների ընդգրկման առումով։
«Գրանշան 2008-2009»-ի մրցույթներում մրցանակների արժանացած աշխատանքները ցուցադրվել են Լինքոլնի եւ Սանկտ Պետերբուրգի՝ կալիգրաֆիայի միջազգային ցուցահանդեսներում: 2010 թ. «Գրանշան»-ի մրցանակակիր աշխատանքները ներկայացվել են TDC մրցույթի հաղթող աշխատանքների եւ TypoLyrics-ի գրքերի հետ միասին` Մյունխենի ցուցահանդեսում, իսկ Երեւանում` Թարգմանիչների ֆորումի շրջանակներում ցուցադրվել են ԱՊՀ երկրների տպագիր գրականությունը ներկայացնող մեծածավալ ցուցահանդեսում:
2010 թվականից «Գրանշան» տառատեսակների մրցույթի համակազմակերպիչ է հանդիսանում Մյունխենի տպագրական դիզայներների միությունը (tgm)։
Միջազգային տարբեր մրցույթներում այլազգի տառաստեղծները ներկայացնում են հայկական տառատեսակներ, իսկ հայ տառաստեղծները մասնակցում են ոչ հայկական տառատեսակների անվանակարգերին, ինչը նպաստում է հայկական տառարվեստի հետագա զարգացմանն ու հայկական տառարվեստի ճանաչմանն արտերկրում։
Հայաստանի ազգային գրապալատում մշակված «Մարիամ» եւ «Գրապալատ» տառատեսակները, որոնք «Գրանշան 2008»-ին արժանացել էին առաջին կարգի մրցանակների, ՀՀ Կառավարության կողմից 2010 թ. հոկտեմբերին ընդունվել են որպես պետական պաշտոնական տառատեսակներ եւ գործածվում են պետական
փաստաթղթաշրջանառության մեջ:
«Գրանշան» մրցույթի աշխատանքները հանրահռչակելու նպատակով 2008 թ. գործում է www.granshan.org կայքը։




























