«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանցագործության հաղորդում է ներկայացրել Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Հաղրոդման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր լրացավ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող Տիգրան Փոստանջյանի հացադուլի 13-րդ օրը: Նա բողոքում է հիմնարկում տիրող անմարդկային եւ անձը նվաստացնող պայմանների եւ իրեն ապօրինի անազատության մեջ պահելու դեմ:
Մինչեւ հացադուլ հայտարարելը շուրջ երկուսուկես ամիս Տիգրան Փոստանջյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական ղեկավարությունը պահել է 39 խցում, որը շուրջ 25 քմ է, որտեղ նրա հետ միաժամանակ գրեթե միշտ գտնվել են եւս 18 կալանավոր: Քնելու համար իրար վրա ամրակցված երկուական մահճակալները տեղադրված են խցի պատերի ողջ եզրերով, որոնք ամրակցված են միմյանց: Այդ խցում առկա է 11 քնելատեղ, եւ 19-ը կալանավորները ստիպված են քնել հերթափոխով` ընդհանուր օգտագործելով քնելու տեղերը եւ անկողինները: Խցում միաժամանակ գտնվում են ծխող եւ չծխող կալանավորներ: Խցի հեռուստացույցը եւ լույսը միացված են օրը 24 ժամ: Կալանավորները սնվում են կես մետր հեռավորության վրա գտնվող զուգարանի կողքին: Խցում չկա օդափոխություն, ջերմաստիճանը հասնում է մինչեւ պլյուս 38 աստիճանի: Տարբեր խայթող միջատների առատության պատճառով Տիգրան Փոստանջյանը ստիպված է քնել հագուստով: 11 կալանավորի համար նախատեսված խցում 19 կալանավորի պահելու հետեւանքով առկա է մշտական աղմուկ եւ հասկանալի խառնաշփոթ: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բացակայում է շուրջօրյա ջրամատակարարումը, ինչի հետեւանքով զուգարանների գարշելի հոտը անտանելի է դարձնում գերծանրաբեռնված խցերում ապրելը:
«Նուբարաշեն» ՔԿՀ վարչական ղեկավար Տիգրան Նավասարդյանն ապօրինի արգելում է իմ մուտքը կալանավորված անձանց պահման վայր եւ խոչընդոտում իմ պատգամավորական գործունեությունը: Տիգրան Նավասարդյանը նաեւ հրաժարվում է տեղեկություններ տրամադրել բանտախցերում պահվող անձանց պահման պայմանների մասին: Նա հրաժարվում է հայտնել, թե որ խցում քանի անձ է պահվում եւ որոնք են կալանքի տակ գտնվելու հիմքերը: Պատգամավորի գործունեության վերը նշված խոչընդոտները պայմանավորված են Տիգրան Նավասարդյանի անձնական շահագրգռվածությամբ, որն ունի երկու պատճառ` ամեն գնով կատարել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումը, ով ապօրինի քրեական հետապնդում է սկսել իմ եղբոր նկատմամբ` կապված իմ քաղաքական գործունեության հետ, եւ ՀՀ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող համընդհանուր անօրինականությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում եմ, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության կողմից թույլ է տրվել եւ մինչ օրս էլ շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություններ, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդված` Խոշտանգում, ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդված` Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդված` Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Ուստի պահանջում եմ անհապաղ քննություն սկսել եւ դադարեցնել քրեորեն հետապնդելի արարքները Տիգրան Փոստանջյանի նկատմամբ»:




























