Հայաստանի գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Էրկագա աստղ» ընկերության տնօրենի կողմից յուրացում կատարելու եւ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էրկագա Աստղ» ՍՊԸ տնօրեն Ա. Պետրոսյանը պետական գնման` ՄԲԱՇՁԲ-07/325 պայմանագրով 2009թ. դեկտեմբերի 29-ից միչեւ 2010թ. ապրիլի 1-ը  Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիս քաղաքի նստավայրի շենքի վերակառուցման   աշխատանքները չի կատարել: Այդ նպատակի համար պետական բյուջեից որպես կանխավճար ստացած 39 165,7 հազար դրամ գումարը, որը փոխհատուցվել է Գրիար-Ինշուրանս ապահովագրական ՓԲ ընկերության կողմից, տնօրինել է իր հայեցողությամբ, օգտագործել իր անձնական կարիքների համար` յուրացման եղանակով դիտավորությամբ հափշտակելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումարը:

Բացի այդ` նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ վերոհիշյալ ընկերության տնօրենը նշված պետական գնման պայմանագրով 2009թ. սեպտեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը կատարված եւ կատարողական ակտերում արտացոլված 83 079.334 հազար դրամ գումարի աշխատանքերի վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչությանը ներկայացրած հաշվարկներում ԱԱՀ-ի հարկման հիմք հանդիսացող  տվյլներ չներառելու, շրջանառությունը թաքցնելու միջոցով  խուսափել է  33 231 600 դրամի առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:

 ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով: