Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն` առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի ուղեկցությամբ երկօրյա աշխատանքային այցով մայիսի 20-21-ին եղել է Արցախում, հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են փոխհամագործակցությանը, գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր, հայրենական արտադրությունը խթանելու հիմնախնդիրները: Երկու հայկական պետություններում գյուղատնտեսության զարգացման խնդիրները քննարկվել են նաեւ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

«Եթե մեզ մոտ դրական միտումներ կան նորարարությունների, առաջավոր փորձի արմատավորման տեսանկյունից, ապա ամեն կերպ պետք է նպաստենք դրանք ԼՂՀ-ում ներդնելուն կամ այն ամենն, ինչ ուսանելի է այստեղ, իսկ դրանում անասնապահական համալիրներ, մեքենատրակտորային կայան, գյուղմթերքների վերամշակման արտադրամասեր կատարած այցելությունների ընթացքում բազմիցս համոզվեցի, ինքներս պիտի արմատավորենք մեր մոտ»,  - ասել է Սերգո Կարապետյանն ու հավելել. «Գյուղատնտեսության ոլորտը, որոշակի նմանություններով եւ առանձնահատկություններով հանդերձ, ինձ ներկայանում է որպես մեկ ընդհանուր մարմին, մեկ տնտեսություն, որտեղ համատեղ ուժերով պիտի կարողանանք ճշգրիտ նախանշել ծրագրվելիք անելիքները եւ հստակ համակարգել աշխատանքները: Այդ դեպքում արդյունքներն, անկասկած, առավել խոսուն կլինեն»:

Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում, այցելել նոր կառուցվող հանրապետական անասնաբուժական լաբորատորիա, գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող «Արցախֆրութ», անասնապահական «Տոհմային կայան» ընկերություններ, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում տեղակայված «Ագրոտնտեսություն թիվ 1» մեքենատրակտորային կայան, շրջել ցանքատարածքներում, ինչպես նաեւ ծաղիկներ դրել Եղբայրական հուշահամալիրին: