Վրաստանի կողմից չերքեզ ժողովրդի ցեղասպանության ճանաչումը Ռուսաստանի դեմ ուղղված ակցիա էր եւ նրա վրա ազդելու փորձ: Այդ մասին այսօր` մայիսի 24-ին մամուլի ասուլիում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
«Դա քաղաքական քայլ է, որն ուղղակիորեն ուղղված չէ Հայաստանի դեմ, սակայն անուղղակի կերպով այդ միտումը կա: Ապրիլի 24-ի նախօրեին հայկական կազմակերպությունները դիմեցին Վրաստանի իշխանություններին` խնդրելով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ դիմումը հերթական անգամ մնաց անպատասխան: Մինչդեռ Վրաստանի իշխանությունները անհապաղ արձագանքեցին չերքեզների կոչին, քանի որ դա բխում էր իրենց քաղաքական շահերից»,- նկատել է Թորոսյանը:
Ըստ Թորոսյանի, շատ վրացի գործիչներ նկատում են, եթե ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, խնդիրներ կունենան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ այդ պատճառով էլ չեն ճանաչում այն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի խորհրդարանը մայիսի 20-ին քվեարկել է չերքեզ ժողովրդի ցեղասպանության ճանաչման օգտին: Խոսքը 1763-1864 թվականների իրադարձությունների մասին է:
«Ռուս-կովկասյան պատերազմի ժամանակ չերքեզների (ադըղների) զանգվածային ոչնչացումն ու նրանց բռնի արտաքսումն իրենց պատմական հայրենիքից ճանաչել ցեղասպանություն»,- ասված է որոշման մեջ:
Որոշմանը դեմ է արտահայտվել խորհրդարանական ընդդիմությունը, որն աննպատակահարմար է գտնվում նման որոշման ընդունումը:




























