Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե երբ կընտրվի ՀՀ հաջորդ` չորրորդ նախագահը 2013-ի՞ն, թե՞ 2018-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 24-ին հայտարարեց Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: «Ես ինքս  համոզված չեմ, որ 2013-ին կմնա այսօրվա նախագահը: 99 տոկոսով ես գտնում եմ, որ կլինի նոր նախագահ, քանի որ դա են պահանջում հասարակության շահերը, ազգի կենսաբանական եւ ֆիզիկական անվտանգությունը»,-հայտարարեց Հակոբյանը: Նրա խոսքով` հաջորդ նախագահը լինելու է «այն ռեֆորմատորը, նոր` Ֆրանկլին Դելանո  Ռուզվելտը, ով նոր տնտեսական  քաղաքականություն կսկսի` հանուն ազգի անվտանգության»:

Մարքսիստի ներկայացմամբ, ինչպես Լենինին եւ Ստալինին, այնպես էլ մյուս անփոխարինելի թվացող դեմքերին փոխարինողներ անպայման կգտնվեն, քանի որ «հայ ազգի արգանդը չի չորացել»: Ըստ Դավիթ Հակոբյանի` նոր նախագահը պետք է լուծի նաեւ արցախյան հիմնահարցը` «ամեն ինչ` կամ ոչինչ» սկզբունքով: «Մենք թուրքերին տալու ոչինչ չունենք: Նրանք մեզ պարտք են Նախիջեւանը եւ յոթ վիլայեթները: Նրանց հետ առեւտուր անել 10 հազար քառակուսի կիլոմետրի վրա` չի կարելի»,-նշեց Հակոբյանը:

Անդրադառնալով ներկա պրոցեսներին` մարքսիստը նշեց, որ հանրապետության երեք նախագահներն այժմ զբաղված են «քաղաքական քյանդրբազությամբ»` նախագահի աթոռը դարձրել են  կռվախնձոր, չգիտակցելով, որ այսպիսով  վտանգի տակ են դնում երկրի թե ֆիզիկական, թե կենսաբանական անվտնագությունը:    

Ինչ վերաբերում է կոալիցիոն հուշագրին, որով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը գալիք ԱԺ ընտրություններում հանձն են առել պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Հակոբյանը նշեց. «Մինչեւ աքլորականչ ԲՀԿ-ն 40 անգամ կարող է ուրանալ կոալիցիոն դաշինքը: Փոխվում են ժամանակները, փոխվում են տերերը: Չես կարողանում կտրել ձեռքը` համբուրի’ր այն»,-խորհուրդ տվեց Հակոբյանը: