Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ վարվում է անդրկուլիսյան գաղտնի դիվանագիտություն, որը հակասահմանադրական գործարք է եւ այն որպես երկխոսություն ներկայացնելը անթույլատրելի է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 24-ին հայտարարեց Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Նա ՀԱԿ-ին որակեց որպես «ռեւանշիստական, քաղաքական հետադիմական խունտա, արհեստական ընդդիմադիր ուժ», որին հաջորդ խորհրդարանում «հեգեմոն մենաշնորհ տալը իդեոտիզմի աստիճանի հասնող քաղաքական անհեռատեսություն է»:
Ըստ մարքսիստի`նման գործարքը հղի է մի շարք վտանգներով, ուստի, Մարքսիստական կուսակցությունը հորդորում է երկրի նախագահին սկսել անհապաղ, հրապարակային քաղաքական կոնսուլտացիաներ բոլոր ընդդիմադիր քաղաքական սուբյեկտների հետ: «Այսպիսով` վերջ կտրվի քաղաքական արենայի կուսակցական արհեստական մոնոպոլիզացիային, որը Հայաստանը 20 տարի շարունակ դարձրել է արյունով շահատակությունների թատերաբեմ»,-ազդարարեց Հակոբյանը:
Նրա խոսքով`մինչեւ այժմ հասարակությունը ականատես էր լինում պառլամենտը փողով առնելու գործընթացներին, իսկ այսօր տեղի է ունենում հակասահմանադրական բաշխում, որը քաղաքական դաշտը տանում է ամայացման: «Ո՞վ է թույլ տվել ԱԺ նախագահին ասելու, որ վաղը ՀԱԿ-ն անպայման կլինի պառլամենտում: Ի՞նչ է դա նշանակում, եթե ընտրությունները դեռ տեղի չեն ունեցել»,-նկատեց Հակոբյանը:
NEWS.am-ը փորձեց ճշտել, թե ի՞նչն է հիմք տալիս նրան պնդելու, որ ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ գործարք է կայացել, եթե ՀԱԿ ներկայացուցիչները բազմիցս հերքել են գաղտնի երկխոսության հնարավորությունը: Մարքսիստը որպես փաստ նշեց այն, որ ՀԱԿ լիդեր Լեւոն Տեր-Պետրոսանի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ բաց ֆորմատով` հեռուստատեսությունով, կամ մամուլի ասուլիսների միջոցով, հայեցակարգային, գաղափարական բանավեճ տեղի չի ունենում: Նրանց հայեցակարգերը տարբեր հարցերի` ԼՂ հարցի, տնտեսական քաղաքականության վերաբերյալ, գրեթե նույնական են: «Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ նորամուծություն այդ հարցերում չի նշում»,-նկատեց մարքսիստը:




























