Պղնձի էական էժանացումը միջազգային շուկայում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ամենանշանակալից իրադարձությունն է: Այդ մասին գրում է Bloomberg-ը:
Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի գինը (3 ամիս հետո մատակարարում) իջել է մինչեւ 8794 դոլար/տոննա:
Նշենք, որ այս տարվա մարտին պղնձի գինը նույնիսկ գերազանցել էր 10 հազ. դոլարը, իսկ ապրիլին այն կայուն գերազանցում էր 9000 դոլարը: Մայիսին առավելապես գերիշխում են գնանկման միտումները:
Մասնագետների կարծիքով` պղնձի գնանկման հիմնական պատճառը Չինաստանում տնտեսական աճի տեմպի դանդաղումն է: Բացի այդ` այդ երկիրը մոտ 45-50 տոկոսով կրճատել է ներմուծվող պղնձի ծավալները:
Պղինձը Հայաստանի արտահանման կառուցվածքում կարեւոր դերակատարում ունի: 2011 թ. առաջին եռամսյակում Հայաստանն արտահանել է 25 հազ. տոննա պղնձի հանքաքար` 60 մլն դոլար մաքսային արժեքով (արտահանման ամենամեծ հոդվածը), 2000 տոննա չզտած պղինձ` 27 մլն դոլար մաքսային արժեքով:



























