«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մայիսի 24-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377 դոլար: Ընդհանուր առմամբ` վաճառվել է 5.45 մլն դոլար:

Հատկանշական է, որ բոլոր 45 գործարքներն իրականացվել են 377 դրամ/1դոլար փոխարժեքով:

Երեկվա համեմատ դոլարն արժեւորվել է 0.27 տոկոսով կամ 1.01 կետով:

Կանխիկ արտարժույթի շուկայում բորսայական գործարքները դոլարի առքի փոխարժեքի վրա էական ազդեցություն չեն թողել, սակայն բարձրացվել են վաճառքի փոխարժեքները: Սա նշանակում է, որ բանկերի մոտ հետագա արժեւորման ուժեղ սպասումներ ձեւավորված չեն:

Կանխիկ դոլարը փոխանակման կետերի կողմից հիմնականում գնվում է 374-75 դրամով, վաճառվում` 377-78 դրամով:

Այսօր բորսայում մեկ գործարք է կատարվել «Կոնվերս բանկի» միջինժամկետ պարտատոմսերով (պարտատոմսի մարումը` 2011 թ. դեկտեմբերին, անվանական արժեքը` 30 հազ. դրամ, եկամտաբերությունը` 10.64 տոկոս): Վաճառված պարտատոմսերի քանակը կազմել է 771 հատ` 10.7280 տոկոս միջին եկամտաբերությամբ: