«Երկիր» թերթի դեմ գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ներկայացված հայցով որոշումը հրապարակվելու է հունիսի 8-ին:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 24-ին ավարտվել է Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ ներկայացրած զրպարտության եւ վիրավորանքի հայցի դատաքննությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» թերթին՝ իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: Արզաաքանցյանը վիրավորանք ու զրպարտանք է համարել իր հասցեին թերթում արված «ստիլյագ», «Քյավառա բարբառով խոսող» , «ռուս գեղեցկուհիներ Հայաստան տանող-բերող», «կազինոների մշտական հաճախորդ», «ծեծ ուտելու սովորություն ունեցող» արտահայտությունները:
Հայցադիմումի համաձայն Տիգրան Արզաքանցյանը պահանջում է թերթից բռնագանձել 3 մլն դրամ գումար, ինչպես նաեւ 568 հազար դրամ փաստաբանական եւ դատական ծախսերի համար:
Այսօրվա նիստում Արզաքանցյանի ներկայացուցիչը պնդել է իրենց պահանջը` թերթից բռնագանձել 3 միլիոն 568 հազար դրամ: «Երկիրի» ներկայացուցիչները դատարանում նշեցին, որ Արզաքանցյանի պահանջը կլովին հիմնազուրկ է եւ պետք է մերժվի:




























