Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պիտակներից չի վախենում։ Մարդու իրավունքների պաշտպանն այս մասին հայտնեց մայիսի 24-ին «Սիվիլիթաս» հիմնադրամում կայացած «100 հարց եւ պատասխան» ցիկլի քննարկման ժամանակ։

«Եթե ես վախենայի, որպես օմբուդսմեն չէի աշխատի»,- նկատեց Անդրեասյանը։ Նրա խոսքով, իր գործունեության վերաբերյալ քննադատությունների պակաս չի լինի, սակայն ինքը չի մտածում հնարավոր «պիտակների» մասին։

Անդրադառնալով հարցին, որ իր նախորդ Արմեն Հարությունյանին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին որակել էր որպես «անհաջող կադր»՝ մարդու իրավունքների պաշտպանը բնութագրման եւ 2008 թվականի մարտի իրադարձությունների միջեւ կապ նկատեց։ Ընդգծելով, որ ողբերգության կրկնություն թույլ տալ չի կարելի, օմբուդսմենը հիշեցրեց, որ նման իրադարձությունները բեւեռացնում են հասարակությունը, պիտակներ կպցնելու առիթ տալիս։

Հիշեցնենք, որ 2008-ի 10-օրյա բողոքի ցույցերից հետո, մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով սպանվեցին 10 խաղաղ ցուցարարներ: