Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 24-ին այցելել է Գյումրիի «Մուշ 2» նորակառույց թաղամաս, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին եւ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Նշենք, որ «Մուշ 2» թաղամասում նախատեսվում է կառուցել 1856 բնակարան. ըստ կնքված պայմանագրի՝ դրանց հանձնումը կկատարվի այս տարվա հոկտեմբերին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությունից հետո քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանը լրագրողներին հավաստիացրել է, որ շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակին եւ որակով:
Այնուհետեւ վարչապետը մասնակցել է Գյումրիի «Օյունջյան» դպրոց- վարժարանի նոր մասնաշենքի բացմանը, որը հիմնանորոգվել է բժիշկ, նյույորքահայ բարերար Հովհաննես Օյունջյանի հովանավորությամբ:
Տիգրան Սարգսյանը կարեւորել է բարերարների ուշադրությունը կրթօջախների նկատմամբ: Կառավարության ղեկավարը նշել է, որ ժամանակակից աշխարհում ազգերի մրցակցությունն այսուհետեւ լինելու է ինտելեկտի եւ գիտելիքի ասպարեզում ու այն ազգերն են համարվում զարգացած, որոնք ունեն լավ կրթություն: Ազգանվեր գործունեության ու հայրենիքում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնելու համար Հովհաննես Օյունջյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Գյումրիի «Օյունջյան» դպրոց- վարժարանի նոր մասնաշենքի վերակառուցման համար ներդրվել է ավելի քան 800 հազար դոլար, հիմնանորոգվել է 1500 քառակուսի մետր տարածք՝ կահավորվել է ուսումնական ողջ մասնաշենքը: Վերջինում կան ոչ միայն նոր դասասենյակներ, համակրգչային սրահ, այլև լինգաֆոնային կաբինետ, նոր մարզասրահ:



























