ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերջերս անցկացրած ուսումնասիրությունները մեկ անգամ եւս վկայում են, որ Հայաստանում տիրում է համատարած աղքատություն: Այս մասին այսօր` մայիսի 24-ին, ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Նրա խոսքով`Երևանի բնակչության 88 տոկոսը մի կերպ է վարում իր տնտեսությունը, և միայն քաղաքացիների չնչին մասին` 1,1 տոկոսին է հաջողվում համեմատաբար տանելի կյանքով ապրել: Հայաստանի բնակչության ավելի քան 70 տոկոսի համար երազանք է օրումեջ մասնավորապես մսեղենով կամ ձկնեղենով սնվելը, իսկ բնակչության մի մեծ զանգված մսեղեն համտեսում են միայն նոր տարուն կամ հատուկ տոներին:
Երևանի տնային տնտեսությունների 60-89 տոկոսը կախված ընտանիքի մեծությունից` նոր հագուստ չի կարողանում գնել: Հանրապետության մասշտաբով ընտանիքների 50 տոկոսը զրկված է տունն անհրաժեշտ չափով ջեռուցելու և դրա համար վճարումներ կատարելու հնարավորությունից: Բնակչության ցածր կենսամակարդակի ցուցանիշ է նաև այն, որ Հայաստանում ընտանիքների 56 տոկոսը չի կարողանում գոնե իր անդամների ծննդյան տարեդարձը նշել և հյուրեր հրավիրել, իսկ առանց առիթի հյուրասիրություներ ձգտում է չկատարել ընտանիքների 70-80 տոկոսը:
«Ժողովուրդը ոչ միայն դժգոհում է աղքատությունից, այլեւ ընդվզում է այն երևույթի դեմ, որ պետության միջոցները գռփելու հաշվին հարստացածները օրեցօր ավելի են հարստանում, իսկ աղքատության ճիրաններում տառապողները գնալով ավելի աղքատ են դառնում»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը`հարստանալու մոլուցքով տառապողներին հիշեցնելով հռոմեացի փիլիսոփա Սենեկայի հետևյալ խոսքերը` «Անգամ եթե կուտակես նույնքան, որքան բազմաթիվ հարուստները, անգամ եթե ճակատագիրը բազմապատկի քո գանձարանը առանձին մարդու համար սահմանված չափից շատ ավելի, անգամ եթե լողացնի քեզ ոսկու մեջ, ծիրանի զգեստ հագցնի, պարգևի նույնքան հաճույքներ ու հարստություններ, որ հողը մարմարով պատես ու կարողանաս ոչ միայն տիրել քո բարիքին, այլև ոտքի տակ տալ այն: Ավելորդությունները միայն կսովորեցնեն քեզ էլ ավելին տենչալ: Ուստի հեռու մնա ամենայն ունայնությունից»:



























