Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը այսօր` մայիսի 24-ին  այցելել է Լոռու մարզ եւ ծանոթացել մարզում իրականացվող ծրագրերին: Թումանյանի քաղաքապետարանում մարզպետ Ա. Քոչարյանի եւ Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Աթան, Շամուտ, Ահնիձոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում քննարկվել են  մի շարք հարցեր, մասնավորապես` համայնքները հիմնական մայրուղուն կապող Մոտկորի ձորի ճանապարհի վերանորոգման հարցը:

Ա. Գեւորգյանը տեղեկացրել է, որ այդ ճանապարհի բարեկարգման նպատակով պետբյուջեից գումարներ կհատկացվեն: Նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցել խճապատ ճանապարհ,  որը, ըստ մասնագետների, արդյունավետ է շահագործման տեսանկյունից` հաշվի առնելով նաեւ տարածաշրջանի բնակլիմայական պայմանները: 

Բարձրացվել է նաեւ համայնքներում անասնաբույժների բացակայության խնդիրը, նշվեց, որ գյուղերը չեն սպասարկվում, քանի որ անասնաբույժների հետ պայմանագրեր դեռեւս կնքված չեն: Փոխվարչապետը խոստացել է հարցը քննարկել իրավասու մարմինների հետ:

Քննարկվել է նաեւ Քարինջ համայնքի դպրոցի  ջեռուցման հարցը, ինչի առնչությամբ նշվեց, որ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամին կառաջարկվի  հարցն ընդգրկել առաջիկա ծրագրերում:

Թումանյանի քաղաքապետը ներկայացրել է հրատապ կապիտալ ծրագրերով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը, մասնավորապես տեղեկացրել է, որ դպրոցի մարզադահլիճի հատակի նորոգումն արդեն ավարտվել է, ընթացքի մեջ է բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումը: Առաջիկայում կմեկնարկեն փողոցների նորոգման  աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում մարզպետը զեկուցել է, որ Մոտկորի ձորի համայնքներն ընդգրկված են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ՀԲ-ի միջոցներով իրականացվող «Համայնքային կարողությունների զարգացման ծրագրում», որով նախատեսվում է անասնաբուծության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում:

Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը:  Ծրագիրը ներառում է հիմնականում քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների նորոգում, որոնց աշխատանքները մեկնարկել են, առաջիկայում կսկսվի փողոցների վերանորոգումը:  Ա. Գեւորգյանը հանձնարարել է մարզպետին` անմիջական ուշադրության տակ պահել մարզում իրականացվող ծրագրի ընթացքը: