Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 24-ին այցելել է Երեւանում մարտկոցների արտադրությամբ զբաղվող հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա շրջել է ընկերության արտադրամասերով եւ լաբորատորիաներով, ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել նորագույն տեխնոլոգիաներով գործող արտադրամասերում արտադրանքի պատրաստման, ինչպես նաեւ ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական եւ էլեկտրամեխանիկական լաբորատորիաներում արտադրանքի որակի հսկման գործընթացի մանրամասները:

Հայ-գերմանական «Էլբատ» ընկերությունում, որի բաժնետոմսերի 51 տոկոսի բաժնետերը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» կազմակերպությունն է, 49 տոկոսինը` հայկական կողմը, թողարկվում են կապարաթթվային կուտակչային մարտկոցներ գրեթե բոլոր տիպի ավտոմոբիլների համար:

Գործում են ձուլման, մածուկապատրաստման եւ մածուկապատման, էլեկտրոլիտի պատրաստման, ձեւավորման եւ հավաքման, օդի ու ջրի զտման եւ մշակման արտադրամասեր: Որակի վերահսկման նպատակով այստեղ գործում են ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական եւ էլեկտրամեխանիկական լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են համապատասխան փորձարկումներ:

2011թ. մայիսին «Quality Austria» ավստրիական կազմակերպության կողմից «Էլբատե ընկերությանը շնորհվել է Որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային սերտիֆիկատ: Ներկայումս ընկերությունում աշխատում է 145 մարդ, որոնցից 90-ն ընդգրկված են հիմնական եւ օժանդակ արտադրություններում:

Նշենք, որ մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրություն իրականացնող այս ձեռնարկությունը շահագործման է հանձնվել 2010թ. նոյեմբերի  23-ին: