Իսրայելի կապի նախարար Մոշե Կախլոնը ստիպված է եղել չեղյալ հայտարարել իր այցը Բաքու։

Ընդհանուր անվտանգության ծառայությունը (ՇԱԲԱԿ) հայտարարել է, որ սպառնալիքները պահանջում են Կախլոնի անվտանգության ապահովման միջոցներ ձեռք առնել, եւ նախարարը գերադասել է հրաժարվել թռիչքից՝ չնայած Ադրբեջանում իսրայելական դեսպանատան դիրքորոշմանը։

Նրա փոխարեն Բաքու կմեկնի նախարարությսան գլխավոր տնօրենը, հայտնում է Newsru.co.il-ը։

ՇԱԲԱԿ-ը նշում է, որ «Հզբոլահը» չի հրաժարվել Դամասկոսում 2008 թվականին  ոչնչացված Իմադ Մուղնիի վրեժխնդրությունից։ Բացի այդ, իսրայելցի պաշտոնյաների հանդեպ ահաբեկչության ռիսկն ավելանում է «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո։

Պարբերականը նշում է, որ աֆրիկյան երկրներ այս տարի ամռանը կատարելիք այցից ստիպված է եղել հրաժարվել նաեւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը։

Տարվա սկզբից մեկ անգամ չէ, որ տարբեր երկրներում, այդ թվում՝Ադրբեջանում, Իսրայելի դեսպանատները փակվել են։

Ապրիլի վերջերի իսրայելցիներին խորհուրդ չէր տրվում այցելել արաբական երկրներ, Թուրքիա, Մալթա, Հունաստան, կովկասյան եւ միջինասիական երկրներ, սակայն կոնկրետ տեղեկատվություն, թե որ երկրում պետք է կատարվեր ահաբեկչությունը, այդպես էլ չէր հրապարակվել։