Գավառի հիվանդանոցից այսօր մայիսի 25 ին, ժամը 13:20-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մարմնի ամբողջ մակերեսին 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի, նաեւ շնչառական ուղիների այրվածքներով, այրվածքային շոկ 3-րդ աստիճանի վնասվածներով իրենց մոտ է տեղափոխվել գավառի բնակիչ 28-ամյա Սեդա Սարգսյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օպերատիվ քննչական խումբը` ոստիկանության Գավառի բաժնի պետ Լեւոն-Մուխսիկարյանի գլխավորությամբ, դեպքի վայրում քննչական փորձարարական աշխատանքներ է կատարում: Դեպքի վայրում են նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Գավառի ջոկատը:
Պարզվել է, որ ժամը 13-ի սահմաններում, Սեդա Սարգսյանի ամուսինը 32-ամյա Խաչատուր Միրիջյանը իր անձնական օգտագործման «ԳԱԶ 5204» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով իր կնոջ Սեդայի հետ սար գնալիս Գավառի Ազատության փողոցի ձախակողմյան դաշտային ճանապարհին նկատել է, որ մեքենայում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել:
Սեդա Սարգսյանի վիճակը բավական ծանր է եւ նրան արդեն տեղափոխել են Երեւան:
Ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս պահին ոստիկանության բաժնի աշխատակիցները նշված վայր են բերում քարշակ ավտոմեքենա, որպեսզի հրդեհված մեքենան տեղափոխվի ՃՈ տուգանային հրապարակ:









Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



























