2011 թ. հունիսի 8-ից Երեւանում սպառողների համար ջրի 1 խոր. մետրի սակագինը կազմելու է 174.6 դրամ` ներկայիս 181 դրամի փոխարեն: Այդ մասին որոշումն ընդունվեց այսօր` մայիսի 25-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

Ըստ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջի` ջրամատակարարման ընդհանուր սակագինը գոյացել է հետեւյալ բաղադրիչներից. խմելու ջրի սակագինը կազմելու է 147.95 դրամ` 1 խոր. մետրի համար, ջրահեռացման ծառայությունը` 12.88 դրամ, կեղտաջրերի մաքրման ծառայությունը` 13.92 դրամ:

Նշենք, որ հունիսի 8-ից Երեւանի քաղաքապետարանը կդադարեցնի խմելու ջրի սակագնի սուբսիդավորումը, որի շնորհիվ խմելու ջրի համար երեւանցիները վճարում էին 181 դրամ` սահմանված 195 դրամի փոխարեն:

Խմելու ջրի էժանացմանը զուգահեռ` որոշ չափով կթանկացվի «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի» ջրահեռացման արժեքը` գործող 7.68 դրամի փոխարեն սահմանվել է 8.95 դրամ սակագին:

Հիշեցնենք, որ Veolia Water  ֆրանսիական ընկերությունը սկսած 2005 թ. 10 տարով վարձակալել է Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը: Կոնցեսիոն պայմանագրի համաձայն` ընկերություը պարտավորվել էր 2011 թ. նվազեցնել մատակարարվող ջրի սակագինը: