Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած համաներումը կտարածվի մարտի 1-ի գործով դատապարտված քաղբանտարկյալների որոշ մասի վրա: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Որոշ մարդիկ ցանկանալու են համաներումը կապել բացառապես մարտիմեկյան իրադարձությունների հետ, բայց միշտ էլ համաներումն առավել ընդգրկուն է եւ միտված է ավելի մեծ խնդիրներ լուծելուն»,- ասել է նա:

Կոնկրետ հարցին, թե համաներումը կտարածվի՞ Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի վրա, նախարարը պատասխանել է. «Պետք է հոդվածը տեսնել եւ որոշել՝ իր կողմից կատարված հանցագործությունն ընկնում է այդ սահմանափակման մեջ, թե ոչ»: Միեւնույն ժամանակ նա չի բացառել, որ Սասուն Միքայելյանն ազատ արձակվի այլ ընթացակարգով` հաշվի առնելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Սերժ Սարգսյանին ուղղված նամակը:

Հրայր Թովմասյանը նաեւ նշել է, թե տեղեկություններ չունի` արդյոք կտարածվի՞ համաներումը Վանո Սիրադեղյանի վրա, թե` ոչ: