Գերմանիայի կողմից 139 հայերի շնորհվել են անհատական կրթաթոշակներ` Գերմանիայում ուսանելու եւ հետազոտելու համար, իսկ 156 հայեր կվերապատրաստվեն եւ կմասնակցեն տարբեր սեմինարների ՀՀ-ում եւ Վրաստանում` Գերմանական Ակադեմիական Փոխանակման ծրագրի ֆինանսավորմամբ:

Միայն Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծրագրի կողմից/DAAD հայ գիտնականներին եւ ուսանողներին շնորհվել են 62 կրթաթոշակ Գերմանիայում ուսանելու եւ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: Մյուս դրամշնորհները տրամադրվել են ԳԴՀ-ի այլ դրամաշնորհային ծրագրերից, ինչպիսիք են Goethe, Alexander von Humboldt, PAD, KAAD, IPS, BA եւ այլն:

Կրթաթոշակների այս մեծ քանակը պայմանավորված է կրթության եւ գիտության ոլորտում Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ ընդացող սերտ համագործակցությամբ:

Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան պարոն Քրիստիան Բրոյնիգը մայիսի 27-ին DAAD կրթաթոշակակիրներին կշնորհի իրենց վկայականները:

Գերմանիայի կողմից շնորհված  կրթաթոշակները հնարավորություն կընձեռեն հայ ուսանողներին, ասպիրանտներին իրենց  կրթությունը շարունակելու Գերմանիայում` տարբեր մասնագիտությունների գծով, իսկ գիտնականներին` իրենց գիտական հետազոտությունը իրականացնելու Գերմանական բուհերում կամ գիտահետազոտական կենտրոններում:

DAAD-ն Հայաստանում կրթական ծրագրերի իրականացման համար ամեն տարի 800.000 եվրոյից ավել գումար է ներդնում եւ դրանով իսկ ակադեմիական փոխանակման բնագավառում խոշորագույն օժանդակողներից մեկն է հանդիսանում: Անկախացումից ի վեր ավելի քան 1500 հայեր կրթաթոշակներ  են ստացել Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի կողմից. հետազոտական եւ ուսումնական կրթաթոշակներ գերմանական բուհերում ոսումը շարունակելու կամ հետազոտական աշխատանք իրականացնելու համար, ինչպես նաեւ ամառային դասընթացներին եւ ուսումնական ճանապարհորդություններին մասնակցելու համար:

Նշված ժամանակահատվածում DAAD-ն Հայաստանում կրթական ծրագրերի իրականացման համար ներդրել է ավելի քան 8 միլիոն եվրո: