Երկուշաբթի առավոտյան ոսկին թանկանում է ԱՄՆ տնտեսության խթանման հետ կապված հետագա միջոցառումների անորոշության եւ երկրում նախագահական ընտրությունների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։
Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.44 տոկոսով կամ 8.45 դոլարով` տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1934.7 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1.64 տոկոսով եւ կազմել 25.52 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Երկուշաբթի թրեյդերները գնահատում են ԱՄՆ տնտեսությունը խթանման հեռանկարները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ տնտեսության խթանման շուրջ բանակցությունները դեմոկրատների հետ դադարեցվում են մինչ ընտրությունները: Միեւնույն ժամանակ, ավելի ուշ Թրամփը հաստատել էր տնտեսական աջակցության փոփոխված փաթեթը: Լրատվամիջոցների հաղորդմամբ` դրա չափը աճել է մինչեւ 1.8 տրիլիոն դոլար:
Անորոշությունը նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ եւս նպաստում է ոսկու գների աճին, որն ավանդաբար անվտանգ ակտիվ է համարվում: Թրամփն առաջադրվում է երկրորդ ժամկետի համար եւ պայքարելու է դեմոկրատների թեկնածու Զո Բայդենի հետ: Մի շարք նահանգներում արտահերթ քվեարկությունն արդեն սկսվել է:




























