Microsoft-ն ու «ԱրմենՏելը» քննարկում են Հայաստանում ցանցային Xbox360 խաղային պլատֆորմի ներդրման հարցերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց «Microsoft»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։ «Ցանցային խաղային հարթակի համար անհրաժեշտ է հզոր ցանց, որի շուրջ այսօր բանակցում ենք «ԱրմենՏել» ընկերության հետ։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանում 2012-ին այն կսկսի գործել»,- ասաց Բարսեղյանը՝ ավելացնելով, որ քննարկվում է նաեւ Microsoft-ի Cloud Computing ծառայության ներդրման հարցերը եւս։

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հաստատեց Բարսեղյանի խոսքերը, նշելով, որ տեխնիկական թարմացումից հետո «ԱրմենՏելը» այսօր կարող է լայնածավալ հոսթինգ ծառայություններ տրամադրել։ «Ոչ միայն նշված հարցերի կապակցությամբ կարող ենք համագործակցել, այլեւ «ԱրմենՏելը» ցանկանում է ընդհանրապես Հայաստանի ներսում ազգային կոնտենտ զարգացնել, այսինքն՝ հայաստանցի ինտերնետ օգտագործողին ցանկանում է տրամադրել Հայաստանի ներսում գտնվող ինֆորմացիա»,- նշեց Կլիմկոն՝ շեշտելով, որ ընկերության տեխնիկական վերազինումը թույլ է տալիս մտածել ծավալուն ծրագրերի մասին։

Նշենք, որ DigiTec Business 2011 ցուցահանդեսում Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչությունը կներկայացնի Xbox360 ցանցային խաղային պլատֆորմի նոր լուծումները, ինչպես նաեւ Microsoft-ի Cloud Computing ծառայությունը։