Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, այսօր` մայիսի 25-ին կայացել է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացրած դատական հայցով նախնական նիստը:

NEWS.am-ի դեմ ներկայացված հայցի համար հիմք է հանդիսացել լրատվական գործակալության 2010 թ. նոյեմբերի 23-ին տպագրված հոդվածը: Այն վերաբերում էր Հայաստանի քաղաքացի Հովհաննես Կաթրջյանին, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրել էր վերոնշյալ բժշկական կենտրոնին` իրեն խաբելու եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ, էժանագին սարք տեղադրելու մեջ: Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն էլ որոշել էր, թե NEWS.am-ը լուրջ հարված է հասցրել իր պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին եւ հայց է ներկայացրել դատարան՝ լրատվամիջոցից 2 միլիոն դրամ պահանջելով:

Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանն այսօր կայացած նիստի ընթացքում պնդել է, թե NEWS.am-ի հիմնադիր «Մեդիա-Կոնսալտ» ՍՊԸ-ն այդ հրապարակմամբ իր դիրքորոշումն է հայտնել եւ վնասել է ընկերության համբավին:

Մինչդեռ պատասխանող կողմի ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանն ու Դիանա Գրիգորյանը դատարանին տեղեկացրել են, որ հրապարակման մեջ բացառապես Հայաստանի քաղաքացու խոսքն է: «Արդյոք լրատվական ընկերությունը պատասխանատվություն կրո՞ւմ է անձի հայտարարության համար, եթե ուղղակի տեղեկություն տարածողն է»,- նշել են պատասխանողի ներկայացուցիչներն ու ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, ըստ որոնց լրատվամիջոցը ոչ միայն իրավունք, այլեւ պարտականություններ ունի տեղեկատվություն տարածելու: Մասնավորապես, եվրադատարանում ժամանակին գործ է քննվել, երբ լրագրողը լուսաբանել է ռասիստական մի դեպք, եւ լրագրողին մեղադրել էին ռասիզմի մեջ: Եվրադատարանն արդարացրել է լրատվամիջոցին եւ նշել, որ այն պարզապես միջոց է տեղեկության տարածման համար:

Ի դեպ, հայցը ներկայացնելիս հայցվորի ներկայացուցիչը խախտել էր նաեւ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը: Հրապարակումը եղել է նոյեմբերի 23-ին, իսկ պահանջը «Մեդիա-Կոնսալտի» դեմ ներկայացվել է փետրվարի 9-ին` շուրջ 2,5 ամիս անց: Նշենք, որ հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Մուրադ Ասրյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել ոչ թե իրավաբանական անձ հանդիսացող «Մեդիա-Կոնսալտ» ընկերության դեմ, այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ չհանդիսացող կայքի դեմ, ինչը, ի դեպ, արգելվում է օրենքով:

Արամազդ Կիվիրյանի հարցին, թե ինչո՞ւ է նման ձեւակերպմամբ հայց ներկայացրել, Մուրադ Ասրյանը պատասխանել է, թե միտումնավոր է այդպես արել, որպեսզի այդ ընթացքում գործողություններ անի: 

Գործով դատական հաջորդ նիստը կայանալու է հունիսի 29-ին, ժամը 17-ին: