Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է համաշխարհային տնտեսության «երկար, անհավասար եւ անորոշ» վերականգնման մասին:
Կանխատեսումների համաձայն` 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կնվազի 4.4 տոկոսով: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ` կորոնավիրուսի համավարակի պատճառով սոցիալական հեռավորության պահպանումը կշարունակվի մինչեւ 2021 թվականը, իսկ 2022 թվականի վերջին վիրուսի տեղական փոխանցումն ամենուր կնվազի:
«Մենք պակաս լուրջ, բայց, այնուամենայնիվ, խորը ռեցեսիա ենք կանխատեսում 2020 թվականին` մեր հունիսյան կանխատեսումների համեմատ»,- հայտաարարել է ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Գիտա Գոփինաթհը:
Նա հավելել է, որ վերանայումը տեղի է ունեցել տարվա երկրորդ եռամսյակում առաջադեմ տնտեսություններում եւ Չինաստանում սպասվածից ավելի ուժեղ աճով եւ ավելի արագ վերականգնման նախանշաններով երրորդ եռամսյակում: Այնուամենայնիվ, նա նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի ճգնաժամը հեռու է ավարտից:
ԱՄՀ-ն «միայն սահմանափակ առաջընթաց» էր կանխատեսում ապագայի համար եւ մինչեւ 5.2 տոկոս կրճատել է ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) աճի հետ կապված հաջորդ տարվա իր սպասելիքները:
Ակնկալվում է, որ ձեւավորվող եւ զարգացող երկրների տնտեսություններն այս տարի կկրճատվեն 3.3 տոկոսով, սակայն Հնդկաստանի նման երկրներում ՀՆԱ-ն կընկնի ավելի քան 10 տոկոսով:
Մինչդեռ, այս տարի Միացյալ Նահանգների տնտեսությունը կնվազի 4.3 տոկոսով, մինչդեռ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Իսպանիայում անկումը մոտ 10 տոկոս կկազմի:
Վերականգնումը «չի երաշխավորվում, քանի դեռ համավարակը շարունակում է տարածվել»,- նշվում է ԱՄՀ-ի վերջին տնտեսական վերլուծության մեջ:
ԱՄՀ-ն կառավարություններին խորհուրդ է տվել համապատասխանեցման քաղաքականության որոշակի մակարդակ պահպանել` եկամտի բաշխման մեջ ավելի լայն խզումը կանխելու համար` չնայած պետական պարտքի մակարդակի բարձրացմանը:




























