ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն այսօր` մայիսի 25-ին հյուրընկալել է ԱՄՆ դեսպանատան արվեստի աշխատանքների մշտական հավաքածուի շրջայցը, որին մասնակցել են մասնագիտական տարբեր ոլորտներ ներկայացնող հյուրեր, այդ թվում նկարիչներ, արվեստագետներ, թանգարանների տնօրեններ, պաշտոնյաներ, եւ այլ:

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄՆ դեսպանատան արվեստի մշտական հավաքածուն, որի թեման է «Հովվերգական բնություն», տրամադրվել է ԱՄՆ պետքարտուղարության «Արվեստը դեսպանատներում» ծրագրի կողմից 2005թ.-ին, երբ դեսպանատունը տեղափոխվեց նոր տարածք: Հավաքածուն բաղկացած է 42 ժամանակակից արվեստի գործիչների 68 աշխատանքներից:

Իր խոսքում դեսպան Յովանովիչը նշել է. «Մենք կազմակերպեցինք այս շրջայցը, քանի որ կարծում ենք, որ արվեստի գործերի հավաքածուն ավելին է, քան զուտ դեկոր: Այս գործերը մեր մշակութային քաղաքականության մասն են կազմում: Այս աշխատանքների հեղինակները հայ, ամերիկացի եւ ամերիկահայ արվեստագետներ են: Այդ առումով նրանց աշխատանքները նշանավորում են երկու երկրների մշակութային աշխույժ կյանքը, ինչպես նաեւ այդ մշակույթների համակցությունը»: